«Իշխանություն» լրատվականը երեկ սենսացիոն բացահայտում արեց։ «Իշխանությանը» հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ծեծի գործով բացառիկ մանրամասներ։
Ըստ հրապարակման՝ հանցագործությունը կատարելուց հետո տղամարդկանց տեղափոխել են ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայան։
«Իշխանության» աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո նշված անձանցից մեկը կապ է հաստատել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարորդի հետ։ Նա զանգահարել է Սեդրակյանի մեկ այլ վարորդի, որն էլ Հակոբյանին ծեծի ենթարկած տղամարդկանց Մհեր Սեդրակյանի դստերը պատկանող ավտոմեքենայով տեղափոխել է Թոխմախում գտնվող՝ Սեդրակյանին պատկանող գազալցակայան։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ իրականացված բռնության շուրջ շրջանառվող միակ վարկածն այն է, որ ծեծը կազմակերպվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվերով։ Հակոբյանը դեպքից օրեր առաջ հարցադրում պարունակող գրառում էր արել ԱԱԾ տնօրենի և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ենթադրյալ ինտիմ կապի վերաբերյալ, որն էլ րոպեներ անց ջնջել էր։ Լուրեր են շրջանառվում, որ հենց այդ գրառումն է դարձել հաշվեհարդարի պատճառ։
Այս հանցագործությամբ Նիկոլ Փաշինյանը լիարժեքորեն նմանվեց նախորդ՝ մերժված իշխանությանը։ Ընդ որում՝ նա անգամ նույն անձանց է օգտագործում նույնանման հանցագործությունների համար։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Մհեր Սեդրակյանի շրջապատը բազմիցս բռնության էր ենթարկում այն ժամանակվա իշխանության քննադատներին։
Նման միջադեպ էր եղել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հետ, ում, ըստ մամուլի հրապարակումների, ծեծի էին ենթարկել Մհեր Սեդրակյանի մարդիկ։ Ազատամարտիկի կյանքը բժիշկները մեծ դժվարությամբ էին փրկել, իսկ հանցագործներն այդպես էլ մնացել էին անպատիժ։ Մհեր Սեդրակյանի խմբավորումը նաև Սարի թաղի դեպքերի ժամանակ էր քաղաքացիներին բռնության ենթարկել։
Այս պահին կարելի է արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը գտնվում է նույն բարոյահոգեբանական, արժեքային և ֆինանսատնտեսական վիճակում, ինչ 2017 թվականին ՀՀԿ-ական իշխանությունը։ Այն ժամանակվա ՀՀԿ-ի հենասյուները՝ տնտեսական դաշտում Սամվել Ալեքսանյանը, հոգևոր դաշտում Նավասարդ Կճոյանը, կրիմինալ դաշտում Մհեր Սեդրակյանը և այլք, այսօր դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարանները։
Այս ամենը մեկ բանի մասին է խոսում՝ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է։ Սակայն մինչ այդ նա դեռ կարող է գնալ փողոցային բռնությունների և արյունահեղության, որպեսզի չմնա մի բան, որը ժամանակին քննադատել է, բայց իր իշխանության օրոք չի կատարվել։



