ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհուրդը Գազայի հատվածի բնակիչների անվտանգության և բժշկական օգնության հասանելիության ապահովման ծրագիր է մշակել, նշվել է X սոցիալական ցանցում խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Խաղաղության խորհուրդը ռազմավարական շրջանակային ծրագիր է մշակել, որպեսզի Գազայի բնակիչները կարողանան անվտանգ ապրել և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ պաշտպանված ապառազմականացված հաստատություններում», - նշվել է հրապարակման մեջ։
Ծրագրի իրականացման համար խորհուրդը բոլոր կողմերից պահանջել է իրեն տրամադրել անհրաժեշտ լիազորություններ և հնարավորություններ՝ առանց հետագա խոչընդոտների կամ ձգձգումների աշխատելու համար։
Խորհուրդը հայտարարությամբ հանդես է եկել Խան Յունիսում գտնվող Նասերի հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածից հետո։ Խորհրդի գնահատմամբ՝ տեղի ունեցածն ընդգծում է Թրամփի համապարփակ խաղաղության ծրագիրն անհապաղ իրականացնելու անհրաժեշտությունը։
Axios պորտալը նոյեմբերի 8-ին, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է քայլեր ձեռնարկել Գազայի համար նախատեսված խաղաղության ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ինչպես պորտալին հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա, անկլավի վերականգնման աշխատանքները կսկսվեն միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում առաջընթաց գրանցելուց հետո։



