Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի այցը Աստանա պատմական իրադարձություն է անվանել, չորեքշաբթի հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք նոյեմբերի 1-ի առավոտյան, երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել նեղ ձևաչափով։
«Ղազախստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը դինամիկ է զարգանում, սակայն անհրաժեշտ է դրան լրացուցիչ խթան հաղորդել: Հետևաբար, մենք կարող ենք ձեր այցը պատմական, շատ կարևոր անվանել: Վստահ եմ, որ այսօրվա բանակցությունները արդյունավետ կլինեն»,- ասել է Տոկաևը:
Նա նշել է, որ Ֆրանսիան Ղազախստանի առանցքային և հուսալի գործընկերն է Եվրամիությունում, ինչպես նաև հանրապետության տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։
Մակրոնն իր հերթին բարձր է գնահատել Ղազախստանի և Ֆրանսիայի հարաբերությունները։
«Մենք կկարողանանք առաջ շարժվել միջազգային կարևոր թեմաներով, ընդգծել մեր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը, այնպիսի սկզբունքներին, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը: Մենք նաև կկարողանանք քննարկել առանցքային երկկողմ հարցեր: Մենք կարևոր տնտեսական գործընկերներ ենք: Բացի այդ, ես ցանկանում եմ նշել, որ մենք նշանակալից պայմանագրեր ենք ստորագրելու, որոնք կնպաստեն մեր երկրների ռազմավարական և տնտեսական հարաբերություններին»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նեղ ձևաչափով բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական երկխոսության ամրապնդմանը, առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը։



