
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Facebook-ում անդրադարձել է իշխանության՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների շուրջ հայտարարություններին։
Նրա խոսքով՝ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱԳ նախարարը, պնդում են, թե փոփոխությունները չեն իրականացվում Ադրբեջանի պահանջով։
«Հայաստանում կա՞ գեթ մեկ մարդ, ով հավատում է այս ակնհայտ ստախոսությանը։ Ո՛չ, չկա։ Ռեժիմի ակնկալիքն այն է, որ նույն տխմարությունը երկար կրկնելու դեպքում հասարակության մի մասի մոտ նստվածք կթողնի ու դա էլ մի կերպ «կսղացնեն»»,– գրել է Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական գործընթացներում իշխանության ու նրա «արբանյակ ուժերի» նպատակը հասարակությանը կիսաճշմարտություններով, ստերով ու կեղծիքներով մոլորեցնելն է՝ իշխանությունը երկարաձգելու նպատակով։