Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի իր պաշտոնակից Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է հնարավոր սադրանքների մասին, որոնք նպատակ ունեն տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրը։
«Այսօր (հունիսի 15-ին) Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում Արաղչին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ներդրած ավանդի համար»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նախարար Ֆիդանը Թուրքիայի գոհունակությունն է հայտնել ձեռք բերված համաձայնության կապակցությամբ և նշել, որ Անկարան դրական արդյունքներ է ակնկալում հավելյալ բանակցություններից։
«Ընդգծելով սադրանքների նկատմամբ զգոնության անհրաժեշտությունը, որոնք ուղղված են համաձայնագրի տապալմանը, նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան վճռականորեն կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության, անդորրի ու կայունության ամրապնդման գործում»,- մանրամասնել է աղբյուրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հաստատել էին փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում։



