Տեղյակ չե՞ք իրարից, էս ի՞նչ վերաբերմունք է. Թ...

Այս տարի ևս կրթական տարին մեկնարկեց դասագրքերի բացակայությամբ, ես ուզում եմ հասկանալ կազմակերպչական և ինչ խնդիրների հետևանքով է, որ արդեն որերորդ տարին, կրթական տարին մենք սկսում ենք տարբեր դասարանների դասագրքերի բացակայությամբ և երեխաներին ուղղորդում ենք դեպի համացանց, որտեղ այնքան էլ լավ բաներ տեղի չեն ունենում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին դիմելով հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ի պատասխան նախարարն ասաց, որ այդպիսի իրավիճակ չկա և կոչ արեց չխեղաթյուրել իրականությունը. «Դպրոցները սկսել են դասապրոցեսը այնպես, ինչպես պլանավորված է, նրանք ունեն անհրաժեշտ դասագրքերը և այն մոտեցումները, որոնք որդեգրված են դասապրոցեսի կազմակերպման ժամանակ, ենթադրում են համացանցի օգտագործում, որովհետև գիտեք, որ ժամանակակից կրթությունը չի կարող կառչել մեկ գրքից և մեր երեխաները պետք է ունենան հնարավորություն բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, աղբյուրներ համեմատելու։ Նույնիսկ գործող դասագրքերում մենք ունենք հատուկ հղումներ նաև էլեկտրոնային նյութերին»։

Թագուհի Թովմասյանն էլ արձագանքեց. «Դուք ասում եք մի խեղաթյուրեք, ես խնդրում եմ՝ չբնութագրել իմ հարցերը, և ես հիմա ձեզ փաստերով ասում եմ հրապարակված տեղեկություններ այն մասին, թե քանի դասագիրք չի հրապարակվել»։

Պատգամավոր թվարկեց թվով 10 դասագիրք, որոնք նույն ԿԳՄՍ փոխնախարարի՝ ասուլիսում արած հայտարարությամբ, չեն տպագրվել այս տարի.  «Ես ձեզ ներկայացրի փաստեր և պատասխանեք բովանդակային և ոչ թե որոշեք, որ իմ հարցը խեղաթյուրում է, խնդրում եմ պատասխանեք ինչու դասագրքերը չեն հրապարակվել ժամանակին և կրթական տարին ինչու է սկսվել դասագրքերի բացակայությամբ»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը։

Նախարար Անդրեասյանն արձագանքեց. «Ձեր նշած բոլոր առարկաները ունեն դասագրքեր։ Ես խնդրում եմ ուշադիր լինեք, դպրոցները օգտագործում են այն դասագրքերը, որոնք օգտագործել են նախորդ տարի, օգտագործել են երկու տարի առաջ, երեք տարի առաջ, չորս, հինգ, վեց, յոթ և դրանից ավել տարիներ առաջ։ Եթե ուզում եք կարող եմ ձեզ հրավիրել նախարարություն և այդ դասագրքերը հատ առ հատ ցույց տալ»։

Արդեն ԱԺ ամբիոնից Թագուհի Թովմասյանը ամբիոնից կարդաց կրթության փոխնախարարի ասուլիսի մի հատված, որտեղ նա հայտարարել է, որ կան որոշ դասարանների դասագրքերի գծով բացակայություն և դրանք պետք է հին դասագրքերով անցնեն. «Բնագիտության» առարկան՝ 11-րդ դասարանների և «Հայոց պատմություն» առարկայի, ձեր դեպքում «Հայաստանի պատմություն» առարկայի 10-11-րդ դասարանների դասագրքերն ընդհանրապես չկան։ Կարելի է ազգային ժողովում սենց բան ասել»,- հայտարարեց Թովմասյնը և հավելեց, որ Ժաննա Անդրեասյանի հանդեպ խորը հարգանք ունի, բայց իր կողմից արվածը վերաբերմունք չէ։ Ձեր տեղակալի ասուլիսն եմ կարդում, տեղյակ չե՞ք իրարից»,- ասաց Թովմասյանը։