
Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ գործող ժամանակավոր իշխանությունը վարչական ռեսուրսի չարաշահմամբ սկսել է ճնշումներ գործադրել ուսուցիչների և դպրոցների տնօրենների վրա՝ փաստացի ստիպելով իրականացնել քարոզչություն հօգուտ վարչապետի պաշտոնակատարի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի «Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինությունների համակարգման և կազմակերպման համար նույնիսկ հատուկ շտաբ է ձևավորվել:
Մեկ անգամ ևս զգուշացնում ենք ժամանակավոր իշխանությունների ապօրինի հրահանգները կատարողներին` այս խայտառակ վարքագիծը անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության եք ենթարկվելու: Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների ուշադրությունը, չնայած որևէ դեպքի դեռ պատշաճ արձագանք չի տրվել: Կարևորում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցին ևս հետևողական լինի: