Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 5 տարի առաջ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին, առանձնապես ծանր հանցագործություն է տեղի ունեցել։ Համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, որտեղ եզդիներն այդ օրը մասնակցում էին իրենց՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանն ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ։
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Շուրջ 24 օր անց հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել և կալանավորվել է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։



