Չորս երկիր ստորագրել է պաշտպանական համագործակ...

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական համագործակցության ամրապնդման և ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ «Բադր» հուշագիրը։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Հուշագիրը ստորագրվել է հոկտեմբերի 21-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ չորս երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետական նախարար շեյխ Սաուդ բին Աբդուլռահման բին Հասան Ալ Թանին, Ինդոնեզիայի պաշտպանության փոխնախարար Յուսուֆ Ջաուհարին և Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։

Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Բադր» հուշագիրը, որի անվանումը նշանակում է «լիալուսին», նպատակ ունի խթանել ռազմական արտադրության ոլորտում համագործակցությունը, ամրապնդել մասնակից երկրների պաշտպանական կարողությունները, ինչպես նաև ընդլայնել ռազմական մասնագիտական պատրաստության, գիտահետազոտական և զարգացման աշխատանքների շրջանակներում փոխգործակցությունը։

Նշվում է, որ նախաձեռնությունը կնպաստի ժամանակակից պաշտպանական համակարգերի զարգացմանը համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակմանը և արդյունաբերական կարողությունների ընդլայնմանը։

Գերատեսչության գնահատմամբ՝ հուշագիրը նաև տնտեսական նշանակություն ունի, քանի որ նախատեսում է համատեղել մասնակից երկրների ռազմական արտադրական հնարավորությունները, խորացնել պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրումը և զարգացնել բարեկամ ու դաշնակից երկրների պաշտպանական կարիքների բավարարման կարողությունները։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ համաձայնագիրը միտված է նաև չորս երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերի խորացմանը և անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանը։