Տեսանյութ. Այլ երկրի զինուժի վրա հույս դնելն...

Ես երեկ եմ վերադարձել Վարդենիսից, կրակոցների ինտենսիվությունը պակասել է, բայց վտանգավորության աստիճանը չի թուլանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը խախտում է Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, Թագուհի Թովմասյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ունի ստացած երաշխիքներ եւ խոստումներ տրված իրեն ու հիմա կրակոցներով, սադրանքներով փորձում է արագացնել խոստումների կատարման ընթացքը: Ես այսպես եմ պատկերացնում: Իսկ թե ինչ պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ կամ Թուրքիայի հետ ինչ հարաբերություններ են եղել, դրանք շատ ավելի աշխարհաքաղաքական մեծ խաղեր են, որտեղ մենք դժվար թե կարողանանք հետաքրքրությունը տեղավորել: Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Եթե Ադրբեջանը միայնակ լիներ, շտ ավելի հեշտ կլիներ հաղթահարել այս իրավիճակը:

Դրա համար մենք պետք է պինդ լինենք, կարողանանք շտկել մեր բանակի մեջքը ու դա պետք է անեինք անցած 8 ամիսների ընթացքում: Այլ երկրի զինուժի վրա հույս դնելն ամենաանընդունելին է, մենք պետք է կարողանանք մեր բանակը դարձնել ավելի մարտունակ եւ մեր հույսը մեզ վրա դնենք: Մեզնից լավ որեւէ մեկը մեզ չի պաշտպանելու»: