Իսրայելի ռազմածովային ուժերի նավերը գործողություն են սկսել «Սումուդի գլոբալ նավատորմիղ» նախաձեռնության շրջանակներում հերթական անգամ Գազայի հատվածի ռազմածովային շրջափակումը ճեղքելու նպատակով ուղևորվող նավերը կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ynet պորտալին:
Ըստ պորտալի տվյալների՝ իսրայելական ափերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, միջազգային ջրերում Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է կանգնեցնել Սումուդի նավատորմիղը, որը մի քանի օր առաջ դուրս էր եկել թուրքական ափամերձ Մարմարիս քաղաքից։
Ակտիվիստներին կտեղափոխեն հատուկ «լողացող բանտ», որից հետո կհասցնեն իսրայելական Աշդոդ նավահանգիստ, նշում է պորտալը։
Ynet-ի փոխանցմամբ՝ նավերի կանգնեցումից կարճ ժամանակ առաջ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել նրանց փոխել կուրսը և հետ դառնալ։ Անվտանգության ոլորտի աղբյուրը պորտալին հայտնել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, քանի որ սպասվում է դիմադրություն կալանավորմանը և հնարավոր է նույնիսկ սառը զենքի կիրառում։
Իսրայելի ԱԳՆ-ում Սումուդի նավատորմիղի հերթական դեմարշն անվանել են սադրանք, որի նպատակն է ուշադրությունը շեղել ՀԱՄԱՍ-ի՝ զինաթափվելուց հրաժարվելու փաստից։
Նախորդ անգամ իսրայելցի զինվորականները դեպի Գազայի հատվածի ափեր ուղևորվող պաղեստինամետ ակտիվիստների նավատորմիղը կանգնեցրել էին ապրիլի վերջին։



