Ծառուկյանն առաջարկում է մարդկանց վարկերը ներե...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մայիսի 18-ին քարոզարշավ են անցկացնում Սյունիքի մարզում։

Սիսիան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իրենց նախընտրական ծրագրի առաջնահերթությունները։

Ծառուկյանը շեշտել է, որ իրենց առաջնահերթությունների թվում են առողջապահությունն ու կրթությունը Հայաստանում անվճար դարձնելը։

Խոսելով թոշակների մասին՝ Ծառուկյանն ընդգծել է, որ պետք է ապահովվի, որպեսզի թոշակները միջին սպառողական զամբյուղից միշտ բարձր լինեն, իսկ թոշակի բարձրացումը լինի ամեն տարի՝ 5-10 հազար դրամով։

Փաշինյանն անդրադարձել է նաև վարկերի թեմային՝ շեշտելով, որ պետք է ներվեն այն մարդկանց վարկերը, որոնք տնտեսական ճգնաժամի, պատերազմի, կորոնավիրուսի համավարակի պատճառով տարիներով չեն աշխատել, գոյատևելու, բուժվելու համար վարկեր են վերցրել։

Նրա խոսքով՝ դա հնարավոր է անել պետական պարտքն ավելացնելու եղանակով, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի 1 միլիարդ 100 միլիոն դոլար։

«Թող պարտքը 1 միլիարդ 100 միլիոն դոլարով ավելանա, բայց մարդիկ այդ վիճակից դուրս կգան»,- ասել է Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ իր քաղաքական ուժն առաջարկում է իրատեսական ծրագիր, որը կազմվել է մարդկանց հետ տարբեր բնակավայրերում ունեցած շփումների արդյունքում խնդիրները վեր հանելու միջոցով։

«Ես ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր ու ցանկություն։ Կարևորն այն է, որ դուք մասնակցեք ընտրություններին։ Գնացեք ընտրության, ձեր ձայնը տվեք նրան, ում կհավատաք, ում կվստահեք, նրան, ով արած գործ ունի»,- նշել է ԲՀԿ նախագահը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։