Անբարարոյական կյանքով ապրողը հիշել է, թե Կաթո...

Վարչապետը թացը չորի հետ խառնում է, համատարած փորձում է ատելության, թշնամանքի միջավայր ստեղծել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության ուխտը խախտելու մեջ մեղադրել է նաև կաթողիկոսին։

«Իհարկե չենք խախտել, ի պատիվ իրենց իրենք չեն խախտել դրա համար էլ հաստատուն կերպով կարողանում են մեր խնդիրները վեր հանել։ Օրինակ, գիտեմ որ Վեհափառ Հայրապետը Արցախի թեմը չի լուծարել, և սա էլ իշխանությունների համար խնդիր էր։ Այսօր տեսնում ենք, ցավոք սրտի, դառը իրավիճակը, երբ այն թեմը, որը ինքը չի լուծարել, որ իշխանությունները կուզեին լուծարել, և թեմի առաջնորդի կողմից վարչապետի հետ հանդիպման գնալը կոռեկտ չէ»,–ասաց նա։

Հարցին՝ ժամանակին ի՞նչն է ներել Վեհափառ Հայրապետը այն եպիսկոպոսներին, որոնք երեկ հանդիպել են վարչապետին, արդյոք Նավասարդ Կճոյանին ներել է «Բենթլի» ունենալը, և ինչու է նա ներել ցոփ ու շվայտ կյանքը, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պատասխանեց. «Եկել են, զղջացել են, խոստովանել են, Վեհափառն իրենց ժամանակ է տվել, ներողամիտ է եղել։ Վեհափառ Հայրապետը եկեղեցականների մեծ պակաս ունի։ Եղեռնից առաջ մոտ 5000 քահանա ենք ունեցել, այսօր Հայաստանում շուրջ 250 ընդամենը հոգևորական ունենք։

Այն մարդիկ, որոնք իրենց սկզբունքներին, մանավանդ մի երկու ամիս առաջ իրենց հայտարարությանը դեմ, այսօր հայտարարություն են անում, սա խոսում է հստակ այն մասին, որ իրենք ահաբեկված են, իրենց առջև դրել են ինչ-որ հարցեր, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն, և իրենք կարծում են՝ փրկօղակը վարչապետի առաջարկած այդ փրփուրներն են, որոնցից իրենք բռնվելով չեն կարողանալու փրկվել։ Նրանք խախտել են ձեռնադրվելուց արված հայտարարությունը, հնազանդության ուխտը, աղքատության ուխտը, կուսակրոնության ուխտը ու բազում այդպիսի ուխտեր»,– ընդգծեց նա։