Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել, տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ վկայակոչելով Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինա Լոմջարիային։
Թաթոյանը նշել է, որ Մինասյանը որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել։
«Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում իմ աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ։ Վրաստանի մեր գործընկերներն առանձին վարույթ են իրականացրել, այցելել են նրան ու մեզ հետ անընհատ կապի մեջ եղել։ Շնորհակալություն Վրաստանի գործընկերոջս՝ տիկին Լոմջարիային համագործակցության ու Հայաստանի քաղաքացու իրավունքների երաշխավորման ուղղությամբ ցուցաբերած հետևողականության համար», - ասված է Թաթոյանի հայտարարությունում։
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի խոսքով՝ Մինասյանը «ձերբակալվել էր վրացական ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, նա կալանքի տակ պետք է մնար 13 օր»։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բողոք էր ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։



