«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորեց մարդկային ներուժը՝ նշելով, որ Տավուշի ամենամեծ առավելությունը Տավուշում ապրող, սահմանը պահող, արժեք ստեղծող մարդիկ են։
«Մենք շարունակելու ենք մեր մարզի զարգացումը։ Բնությունը մեզ շռայլորեն պարգևատրել է, մնացածը պետք է անենք մենք։ Պետք է կարողանանք Տավուշը դարձնել լավագույն վայրն ապրելու համար։ Ներուժը մեզ տալիս է ոչ միայն բնությունը, այլ ներդրումային հետաքրքրությունը, որը մարզն ունի։ Մենք պետք է ստեղծենք նոր տուրիստական հանգրավաններ, որոնցից մեկն Աճարկուրտ գյուղն է՝ 200 բնակչով։ Այն աշխարհի ամենագողտրիկ գյուղերից մեկն է, որի շրջակայքում կա 30-ից ավելի պատմամշակութային հուշարձան», - նշեց Տավուշի մարզպետը։
Անդրադառնալով Դիլիջանին՝ Հայկ Չոբանյանը նշեց, որ ամեն ինչ արվում է՝ բնակավայրը վերածելու կրթական, ինտելեկտուալ տուրիզմի կենտրոնի։



