Տարածքների հարցը մենք կթողնենք իմ և Պուտինի մ...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևի անվտանգության երաշխիքներն, ամենայն հավանականությամբ, կմշակվեն 10 օրվա ընթացքում, իսկ տարածքների հարցը կքննարկվի իր և ՌԴ նախագահի հանդիպման ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Անվտանգության երաշխիքները, հավանաբար, «կբացահայտվեն» մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ ի հայտ կգան։ Այս ամենը ինչ-որ կերպ կձևակերպվի թղթի վրա առաջիկա շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», - ասել է Զելենսկին հանդիպումներից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Օգոստոսի 18-ին կայացած հանդիպմանը Թրամփը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգները կօգնի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ ցանկացած համաձայնագրում։

«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակ ազդանշան է ուղարկում, որ կլինի այն երկրների շարքում, որոնք կօգնեն համակարգել և նաև կմասնակցեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Ես կարծում եմ, որ սա մեծ քայլ է դեպի առաջ», - ասել է Զելենսկին։

Չնայած Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո խաղաղության համաձայնագիրը դեռ մոտ չի թվում, այնուամենայնիվ, Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր այս հանդիպումը մինչ այժմ «լավագույնն» էր։ 

Նա նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել Ռուսաստանի հետ «ցանկացած ձևաչափով», և որ տարածքային հարցերը կքննարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ մակարդակով։

«Տարածքների հարցը մենք կթողնենք իմ և Պուտինի միջև», - ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բաղկացուցիչներից մեկն ամերիկյան զենքի փաթեթն է, «որը հիմնականում ներառում է օդանավեր, հակաօդային պաշտպանության համակարգեր» և այլն։

«Իրականում կա մեր առաջարկներով փաթեթ՝ 90 միլիարդ դոլար արժողությամբ։ Եվ մենք պայմանավորվածություններ ունենք ԱՄՆ նախագահի հետ, որ երբ մեր արտահանումը բացվի, նրանք ձեռք կբերեն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Սա կարևոր է մեզ համար», - ասել է Զելենսկին։