Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Անչափ հաճելի է կրկին գտնվել եղբայրական Վրաստանի հյուրընկալ հողում։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Ուրախ էի կրկին հանդիպել Ձեզ՝ Երևանում կայացած մեր բարեկամական ու կառուցողական հանդիպումից հետո։ Մեր հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների միջև ամուր, բարիդրացիական հարաբերությունների շարունակական կարևորությունը։
Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության ու ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Վերջին շրջանի բարձր և բարձրագույն մակարդակի փոխայցելությունների և երկկողմ շփումների հաճախականությունը հստակ վկայություն են, թե ինչ ինտենսիվ են Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները։
Մեր երկու պետությունների սերտ համագործակցությունը մեզ հասցրել է պատմական մի հանգրվանի, երբ մենք մեր համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի։ Չնայած գաղտնիք չէ, որ Վրաստանի հետ մեր համագործակցությունը միշտ է կրել ռազմավարական բնույթ, սակայն այժմ այն ամրագրվել է նաև պաշտոնական մակարդակում։
Այսօր հարգարժան գործընկերոջս հետ ունեցանք բավականին արդյունավետ և բովանդակալից քննարկումներ: Նախագահ Կավելաշվիլիի հետ մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք երկկողմ բազմոլորտ փոխգործակցությանը և Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված հետագա անելիքներին։
Մեր քննարկումների առանցքում էին նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական և երիտասարդական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Նշեմ, որ Հայաստանն ակտիվորեն նախապատրաստվում է 2026թ. Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմանը։ Ակնկալում ենք վրացական կողմի մասնակցությունը։
Պարոն նախագահի հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ, քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները:
Անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք տնտեսական հնարավորություններին։ Գործընթացը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:
Վերստին ընդգծեցի, որ Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության և փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը և կայունությունը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում՝ «TRIPP» նախագծի միջոցով, Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի՝ նպաստելով նաև տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս հնարավորություն կընձեռի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ:
Հարատև խաղաղության, կայունության, անվտանգության, պետությունների և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդումը, ապահովումը, բարեկեցիկ ապագայի կառուցումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնառությունը, գործադրել ջանքեր Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ»:



