Տաջիկստանի սահմանապահ ստորաբաժանումներից մեկն ավելի մոտ է տեղափոխվել Աֆղանստանի սահմանին։ ASIA-Plus-ի փոխանցմամբ՝ Շամսիդինի Շոխին (նախկին Շուրոաբադ) շրջանում տեղակայված սահմանապահը մոտեցվել է Աֆղանստանի հետ սահմանին՝ տաջիկ-աֆղանական սահմանից 12 կմ հեռավորության վրա։
Շամսիդին Շոխին շրջանի նախագահ Զաֆար Գյուլզոդի խոսքով՝ այս որոշումը կուժեղացնի վերահսկողությունը երկու երկրների սահմանին։ «Նախկին տեղակայման վայրը սահմանից 20 կմ հեռավորության վրա էր, և այնտեղից անհնար էր ուղղակիորեն վերահսկել սահմանները։ Նոր սահմանապահ ջոկատը տեղակայված է սահմանային հսկողության համար դժվարին համարվող վայրում։ Շարունակվում է սահմանի կազմակերպումը, մասնավորապես, կառուցվում է ճանապարհ, որից մոտ 30 կմ-ն արդեն անցկացված է»,- ասաց նա։
Ավելի վաղ թալիբները սպառնացել էին գրավել Տաջիկստանը, եթե երկիրը չդադարի միջամտել Աֆղանստանի ներքին գործերին։ Թալիբները պնդում են, որ Տաջիկստանը կարող է գրավվել մեկ շաբաթից։



