Թադևոս Ավետիսյանն առաջարկում է ինդեքսավորել ն...

Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2020 թվականի հունվարի 1-ից և այս ընթացքում սպառողական ինդեքսը աճել է շուրջ 18 տոկոսով, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի մեկ շնչի հաշվով նվազագույն կյանքի ապահովման համար ծախսերը աճել են 25 տոկոսով կամ շուրջ 16 հազար դրամով։  Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ներկայացնելով վիճակագրական ամփոփ տվյալներ, որոնք, ըստ իրեն, բնութագրում են Հայաստանի սոցիալական կյանքը և «ամեն օր աղքատացող և հարստահարվող ՀՀ քաղաքացիների իրական վիճակը»։

Պատգամավորը նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կավելանա 7 հազար դրամով կամ 10 տոկոսով։

«Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլ նաև ոչ համարժեք անընդհատ և ահագնացող գնաճի ֆոնին։

Իրականում լուծումը բերել էինք, դուք մերժեցիք։ Մերժեցիք առանց հետամուտ լինելու։ Իրական լուծումը այս ահագնացող գնաճի ֆոնին, նաև միջազգային փորձը հաշվի առնելով, դա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և աղքատության նպաստների ինդեքսավորումն է, որ մեր երկրում ամեն հաջորդ օր աղքատ, սոցիալապես անապահով մարդը ավելի վատ չապրի, քան նախորդ օրը։ Եվ դա գրված է նաև 2023 թվականի պետական բյուջեի ձեր նախագծում»,- եզրափակեց Ավետիսյանը։