Այսօր Ազգային ժողովում Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա)՝ Երևանում գտնվող առանձնատունը, որը երկար տարիներ է՝ կառուցված է, միայն երկու օր առաջ է պետական գրանցում ստացել՝ համապատասխան վճարումներ կատարելով համայնքային բյուջե։
Պետրոսյանի հավաստմամբ, մինչ այժմ այդ առանձնատունը ապօրինի շինություն էր.
«Իմ ողջ պաշտոնավարման ընթացքում միակ անգամը, որ չեմ դիմացել գայթակղությանը և արտահայտվել եմ նախկին պաշտոնյաների մասին, հենց այդ գույքի մասին է, որը գրանցվեց 2 օր առաջ՝ համապատասխան վճարումներ կատարելով Երևանի համայնքային բյուջե: Մինչև այդ պահը դա ինքնակամ շինություն էր համարվում: Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ պետք է կատարվի այդ գույքի հետ, բայց մենք մեր լիարզորությունների շրջանակներում պատրաստ ենք աջակցել այն իրավական որոշմանը, որը կկայացվի այդ գույքի ապագա ճակատագրի հետ կապված», - ավելացրեց նա։



