Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» (հատուկ նշանակության ջոկատների) միջև բախումների սկզբից ի վեր՝ վերջին 5 օրերի ընթացքում, երկրում զոհվել է 300 մարդ, ավելի քան 2600-ը վիրավորվել է։ Այդ մասին տեղեկանում ենք NBC News պարբերականից:
Ըստ ԱՀԿ-ի՝ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ շարունակվող բախումների պատճառով շատերի մարմինները մնացել են փողոցում:
Սուդանի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում արդեն հինգ օր է՝ շարունակվում են բախումները՝ ավիացիայի և հրետանու կիրառմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, երեկ Սուդանում 24-ժամյա հրադադար էր հայտարարվել, սակայն դրա ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց բախումները վերսկսվել են: Կողմերը հրադադարը չհարգելու մեջ մեղադրել են մեկը մյուսին: