Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար կարևոր դեր ունեցած հայ ճարտարապետի մասին:
«Էրմենիհաբեր» -ի փոխանցմամաբ` հեռուստաեթերով Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից` նշելով, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում մի հայ ճարտարապետ` Թուրքիայում հայտնի Զաքարիա Միլդանօղլուն, լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին իր պատկերացումները։
Քաղաքապետը վերհիշել է, թե ինչպես է հայ ճարտարապետի հետ միասին շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս և բնության գրկում զբոսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան։
Իմամօղլուն զարմացել է, թե Տրապիզոնում բացի բետոնե շենքերից ուրիշ ինչ կա տեսնելու, բայց չի առարկել և իր խոսքերով` Զաքարիա ճարտարապետի ուղեկցությամբ նորովի է բացահայտել իր իսկ ծննդավայրը`դրանից հետո բոլորովին այլ աչքով նայելով Տրապիզոնին։



