Սփյուռքին այլևս չպետք է նայել միայն որպես օգն...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:

2004 թվականից Հայաստանում գործունեություն իրականացնող Սինոփսիս Արմենիա ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում:

Ընկերությունը հյուրընկալել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ.Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, ով Հայաստան է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և Գործարարության օրեր» միջոցառման շրջանակում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է հայազգի գիտնականին: Այնուհետև նրա և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սինոփսիս Արմենիա ընկերության Ուսումնական կենտրոնում, ծանոթացել զարգացման և կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների հետ։ Երվանդ Զորյանը ներկայացնելով կրթական ծրագրերը, նշել է, որ բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության ոլորտում։ Նա նշել է, որ նման այցելությունները շատ կարևոր են: «Առանձնահատուկ պատիվ և երջանկություն է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և հանրաճանաչ հայորդի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանին»,- նշել է նա:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը՝ նվիրված Արդեմ Փաթափությանի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում գիտության ոլորտի զարգացմանը:

Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է.

«Առաջին անգամ է հայ գիտնականն արժանանում Նոբելյան մրցանակի և ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս հաջողությունը մեր ազգային մեծագույն նվաճումներից մեկն է:

Մենք կարող ենք ներկայանալ աշխարհին միայն բարդագույն ինժեներական տեխնոլոգիական խնդիրների լուծման հնարավորություններով և իհարկե տարբեր ոլորտներում Արդեմ Փաթափությանի նման համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանցով»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին ասել է, որ հայազգի գիտնականի գրանցած հաջողությունը վառ օրինակ է, թե «ինչպես կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ»:

«Կարծում եմ սա մեծ խթան է լինելու Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման համար:Մենք հպարտանում ենք Ձեզնով: Կարծում եմ, որ սա լավագույն օրինակն է, թե ինչպես է հնարավոր գիտության միջոցով ավելի հայտնի դառնալ աշխարհում»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով առկա խնդիրներին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Մենք շատ ենք սիրում երազներով ապրել: Մենք նաև նույն կերպ ուզում ենք քաղաքականությամբ զբաղվել և քաղաքականություն ձևավորել: Սա էլ իր հերթին խանգարում է մեզ մի կարևոր հանգամանք արձանագրել, որ կա իրականություն, որի հետ չենք ուզում առերեսվել: Մենք չենք ուզում հասկանալ կամ ընդունել, որ այն ինչ պետք է արվի, մենք ինքներս պետք է անենք, մենք ուղղակի որևէ մեկի վրա հույս դնելու իրավունք չունենք: Մենք ինքներս պետք է կերտենք մեր ապագան, մեր առօրյան կարգավորենք, զարգացնենք մեր հնարավորությունները, մեր ներուժը:

44-օրյա պատերազմը դրա լավագույն ապացույցն է: Մենք չկարողացանք գնահատել 1994-ից հետո մեզ տրված հնարավորությունը: Մենք պետք է գնահատենք այս իրականությունը, ընդունենք և ասենք, որ մեղավորը մենք բոլորս ենք, խոսքը միայն իշխանության, կառավարության մասին չէ, այլ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Մենք չկարողացանք այդ ժամանակը գնահատել, փոխել մեր տնտեսությունը, մեր մտածելակերպը: Հիմա մենք այլ հնարավորություն չունենք, մենք պետք է կարողանանք միասին առաջ գնալ: Դա անելու համար պետք է ուղղակի հասկանանք, թե ուր ենք գնում, ինչ նպատակներ է մեր առջև դրված,- ասել է նախագահ Խաչատուրյանը: -Այսօրվա օրն այդ առումով խորհրդանշանական է: Մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ, մենք այլ ընտրություն չունենք: Մենք այլևս ժամանակ չունենք, քանի որ ամեն օր հետ ենք ընկնում, եթե առաջ չենք նայում:

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր պետությունը կերտելու և զարգացնելու բանալին մեր ձեռքում է: Մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան, և այստեղ բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն»:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ Սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորությունների մասին պետք է հաճախակի բարձրաձայնվի:

«Այն պատկերացումները, որ կային փոխվել են: Այսինքն՝ Սփյուռքին այլևս չպետք է նայել միայն որպես օգնության մի օղակ կամ հնարավորություն: Ո՛չ: Սփյուռքը պետք է մասնակցի մեր երկրի բարեփոխումներին, և մենք պետք է հուշենք թե ինչպես, պետք է դա անենք հավասարը հավասարի նման, ոչ թե հյուրի կամ հրավիրվածի կարգավիճակով»,- ասել է նախագահը:

Եզրափակելով խոսքը Վահագն Խաչատուրյանը կրկին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ նման միջոցառումներն իսկապես իրենց նպաստն են ունենում եղածը գնահատելու, նոր գաղափարներ հղացնելու և ապագա ծրագրեր նախանշելու գործում:

Միջոցառման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով նախագահ Խաչատուրյանը և Արդեմ Փաթափությանը զրուցել են ներկաների հետ, անդրադարձել տարբեր հարցերի: