Սպիտակ տունը կարգադրել է դադար մտցնել Իրանի դ...

Սպիտակ տունը կարգադրել է դադար մտցնել Իրանի դեմ նոր պատժամիոջցներ սահմանելու հարցում։ Այս մասին կիրակի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տեղեկացմամբ՝ անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը եւ Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։Լիվիթի տեղակալ Աննա Քելին ուղղակիորեն չի հերքել այս տեղեկությունը իր մեկնաբանության մեջ, սակայն հայտնել է, որ «պատժամիջոցների հարցում ցանկացած նոր որոշում կհայտարարվի կամ Սպիտակ տան, կամ համապատասխան գործակալությունների կողմից»։ Վերջին անգամ Վաշինգտոնը Թեհրանի դեմ սահմանափակումներ է կիրառել մայիսի 21-ին, եւ դրանից հետո ֆինանսների նախարարությունը առնվազն երկու անգամ հետաձգել է նոր պատժամիջոցների հայտարարումը, նշել է թերթը։Նավթի վաճառքի եւ իրանական սառեցված ակտիվների հիմնական սահմանափակումները, հավանաբար, կպահպանվեն: Այդուհանդերձ, Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտահոգված են դադարի տեւողության եւ մասշտաբի վերաբերյալ հստակության բացակայությամբ: Որոշ աշխատակիցներ կարծում են, որ այս մոտեցման նպատակն է ուշադիր վերլուծել ապագա սահմանափակող միջոցները «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նուրբ բանակցությունների լույսի ներքո», նշվել է հրապարակման մեջ։