Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կորուստ...

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կորուստները չդադարեցին. սա խաղաղություն չէ. սա նահանջ է՝ խաղաղության անվան տակ, գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվեց հազարավոր զոհերի, վիրավորների և Արցախի տարածքների կորստի պայմաններում։ Այն դարձավ մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը, բայց, ցավոք, ոչ վերջինը։

Այդ փաստաթղթով կորուստները չդադարեցին։ Չկատարված պարտավորությունները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները և Արցախի հայաթափումը նույն շղթայի օղակներն էին։ Ամեն զիջում ոչ թե հագեցրեց հակառակորդի ախորժակը, այլ ծնեց նոր պահանջներ։

Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է։ Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին», իսկ քննարկման են դրվում նույնիսկ մեր պետականության հիմնարար սկզբունքները։ Սա խաղաղություն չէ. սա նահանջ է՝ խաղաղության անվան տակ։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության դիրքորոշումը հստակ է. իրական խաղաղությունը կառուցվում է ուժի, իրավունքի և փոխադարձ պարտավորությունների վրա, ոչ թե միակողմանի զիջումների։ Խաղաղությունը չի կարող գնվել ինքնիշխանության, ազգային արժանապատվության և պետական շահերի հաշվին։ Հայաստանը չի կարող ապրել անվերջ նահանջի տրամաբանությամբ։ Մեր երկրի ճակատագրական որոշումները պետք է բխեն բացառապես Հայաստանի և նրա ժողովրդի շահերից, ոչ թե արտաքին ճնշումներից կամ իշխանական հարմարությունից։

Մենք պարտավոր ենք հիշել։ Պարտավոր ենք պահանջել պատասխաններ՝ յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր կորստի համար։ Պարտավոր ենք դասեր քաղել, որպեսզի այլևս երբեք մեր երկրի ճակատագիրը չորոշվի հազարավոր կյանքերի և անդառնալի կորուստների գնով։

Խոնարհումս մեր բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ»,-գրել է նա: