
Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները և շուտով մտադիր է դրական հայտարարություն անել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ «բանակցությունները, որոնք [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի փորձագիտական խմբերը վարում են Էր Ռիադում, չափազանց լավ են ընթանում»։
«Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։
Երկուշաբթի օրը Էր Ռիադում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը ավելի քան 12 ժամ տեւած խորհրդակցություններից հետո, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
Խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էին Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ամերիկյան պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Փիքը, Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի և Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: