Սպանություն՝ Գյումրիում. սպանության կասկածանք...

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի և ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը իսկ տարածքում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի, արնանման հետքեր։ 
Դեպքի մասին ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչ գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։