Սպանություն՝ Երևանում. «Ծղոտներ» ռեստորանային...

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մ. Գարակյանի գլխավորությամբ: 

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Կամո Գ.-ն է: 

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արթուր Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Ե. Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները: 

Երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տոլստոյ-Արհեստավորների 1-ին փողոցի խաչմերուկի մոտ Կամո Գ.-ն, Երևանի բնակիչներ 17-ամյա Սեյրան Գ.-ն, 16-ամյա Դավիթ Լ.-ն, 49-ամյա Տիգրան Բ.-ն, 37-ամյա Սարգիս Պ.-ն և 30-ամյա Հայկ Խ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության են բռնվել Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Հ.-ն, 22-ամյա Սուրեն Հ.-ի, 20-ամյա Էդմոն Հ.-ի, և 41-ամյա Լամարա Մ.-ի հետ, որի ընթացքում փոխադարձ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ ու հարվածներ, իսկ էդմոն Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Կամո Գ.-ին՝ պատճառելով մահ:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Զավարյան 49 հասցեի մոտից ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Տիգրան Բ.-ին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնի բաժին: 

Այսօր՝ դեկտեմբերի 27-ի լուսաբացին, ոստիկաններն ու պարեկները «էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ հայտնաբերել են կասկածյալներից Սարգիս Պ.-ին և նրան նույնպես խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնի բաժին: 

Արդեն դեպքի վայրում ոստիկանները, պարեկները, ապա ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումեր՝ էդմոն Հ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն և խուլիգանություն կատարելու դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։