Սոցիալական պաշտպանության ոլորտում լուծումներ...

Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ՝ աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական և ոչ պետական վերահսկողություն, խտրականություն, հարկադիր կամ պարտադիր աշխատանք, սոցիալական գործընկերություն, գործադուլի իրավունք, նվազագույն աշխատավարձի և պետական հատվածում վարձատրության կարգավորումներ, աշխատանքային ռեժիմ, արտաժամյա աշխատանք և հանգստի իրավունք, աշխատանքային պայմանագրի լուծում, ծանր, վնասակար աշխատանքների կատարում, աշխատողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար արտոնութունների նախատեսում, Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի կարգավորում և այլն. հենց այս հարցերն են այս պահին քննարկվում ՀՅԴ կազմակերպած՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:

«Պատահական չէ, որ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Հայաստանում աշխատանքային օրենսդրության ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքներով՝ առանձնացրել ենք առարկայական մի շարք խնդիրներ և փորձել առաջարկել դրանց հնարավոր լուծումները»,-այս մասին բացման խոսքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում լուծումներ պահանջող հսկայական խնդիրներ ունենք, հատկապես աշխատանքային իրավունքի պաշտպանության առումով:

«Նշված խնդիրները անմիջականորեն պետք է դիտարկվեն Հայաստանում տնտեսության սոցիալական, ներառական զարգացման համատեքստում»,-ընդգծեց Համբարձումյանը: