Սոչիում վառելիքի մատակարարման լոգիստիկ խափանումների պատճառով ավտալցակայաններում ֆիզիկական անձանց համար սահմանվել են բենզինի վաճառքի սահմանափակումներ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Քաղաքային վարչակազմը բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ անձնական ավտոմեքենաներով ուղևորություններից։
Ինչպես հայտնել են Սոչիի քաղաքապետարանից, ավտալցակայանների խոշոր օպերատորները վառելիքի վաճառքի սահմանաչափեր են սահմանել մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով։ Որոշ լցակայաններում մեծ պահանջարկ է առաջացել։
Իշխանությունները բնակիչներին և հանգստավայրի հյուրերին կոչ են արել օգտվել հասարակական տրանսպորտից, իսկ անձնական ավտոմեքենաները օգտագործել միայն անհրաժեշտության դեպքում։
Միաժամանակ, քաղաքապետարանում ընդգծել են, որ քաղաքի կենսապահովման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով։ Օպերատիվ և կոմունալ ծառայությունները, ինչպես նաև իրավաբանական անձինք, վառելիք են ստանում առանց սահմանափակումների՝ վառելիքային քարտերով։ Հասարակական տրանսպորտը և հատուկ տեխնիկան ամբողջությամբ ապահովված են վառելիքով։



