Սկզբնական մեղադրանքը ընդհանրապես հակասահմանադրական է ճանաչվել. Արամ Վարդեւանյան
Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատական նիստը սկսվեց ընդմիջումից հետո։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը, որն առանց այդ էլ նիստը սկսել էր 15 րոպե ուշացումով, ստիպված եղավ հայտարարել ընդմիջում, քանի որ դատախազները չէին ներկայացել։
Պատճառը մամուլի համար անհասկանալի մնաց․ դատարանում բարձրախոսը չէր աշխատում, և հնարավոր չէր լսել, թե ինչ էր ասում դատական քարտուղարը։
Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որպես մեղադրյալ են ներգրավված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ որոշումից հետո, որը հակասահմանադրական էր ճանաչել մեղադրանքի հոդվածը։
Որոշումը բողոքարկվել էր, գործը փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարան, որն այս պահին քննում է նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։ Ըստ փաստաբանների ավելի վաղ տված գնահատականի, տեղի է ունենում իրավական նոնսենս, երբ մարդկանց նախ անվանում են ամբաստանյալներ, և միայն դրանից հետո սկսում են քննարկել մեղադրանք առաջադրելու հարցը։ Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատախազները մեղադրանքը վերաորակավորելու փոխարեն ձեռնամուխ էին եղել նոր ձևակերպումներով նոր մեղադրանք առաջադրելուն։