Սխալվում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե Ա...

«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եվ սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ»: Այս մասին «Հայլուրի» հետ զրույցում ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանը։

«Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում: Հայաստանի իշխանությունների՝ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ձգտումը վտանգավոր և ապակառուցողական միտում է։ Հայ Առաքելական եկեղեցին ունի շուրջ 1700 տարվա պատմություն, և նման քաղաքականություն նրա նկատմամբ անթույլատրելի է։ Եկեղեցին անկախ կառույց է»,- ասել է Սրբազան հայրը: 

Նա հավելել է՝ ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները կսկսեն երկխոսություն Եկեղեցու հետ. «Նրանց վարքագիծը բացասաբար է ազդում սփյուռքի վրա։ Մինչ օրս Հայաստանի ղեկավարության կողմից բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել», - նշել է Սրբազանը։