
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինան հերթական անգամ թիրախավորել է խողովակաշարը, որով Հունգարիան նավթ է ստանում Ռուսաստանից: Նավթի մատակարարումը երկիր անորոշ ժամանակով դադարել է: Այս մասին Սիյարտոն գրել է X սոցիալական հարթակում:
Ըստ արտգործնախարարի՝ Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը տեղեկացրել է, որ մասնագետները փորձում են վերականգնել փոխակերպման կայանը, որը կենսական նշանակություն ունի խողովակաշարի գործարկման համար, սակայն պարզ չէ, թե երբ կվերսկսվեն մատակարարումները:
«3,5 տարի շարունակ Բրյուսելը և Կիևը փորձել են Հունգարիան ներքաշել Ուկրաինայում պատերազմի մեջ: Մեր էներգետիկ մատակարարումների վրա ուկրաինական այս պարբերական հարձակումները ծառայում են նույն նպատակին», - գրել է Սիյարտոն:
Նախարարը շեշտել է, որ սա Հունգարիայի պատերազմը չէ, և քանի դեռ իրենց թիմն է իշխանության, Հունգարիան չի ներգրավվի դրա մեջ:
«Եվ վերջում, հիշեցում Ուկրաինայում որոշում կայացնողներին՝ Հունգարիայից եկող էլեկտրաէներգիան կենսական դեր է կատարում ձեր երկրի էլեկտրամատակարարման գործում», - եզրափակել է նա:
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է այս մեղադրանքներին:
«Պետեր, ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանն է սկսել այս պատերազմը և հրաժարվում է այն ավարտել», - գրել է Սիբիհան X հարթակում:
Նա նշել է, որ Մոսկվան «հուսալի գործընկեր չէ», հետևաբար, բոլոր բողոքներն ու սպառնալիքները Հունգարիան պետք է ուղարկի «Մոսկվայում իր բարեկամներին»:
Օրեր առաջ Բուդապեշտը քննադատել էր Կիևին Ռուսաստանի Բրյանսկի մարզում «Դրուժբա» նավթատարի բաշխիչ հանգույցին հարվածելու համար: