«ՍԻԹԻ»–ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքն...

Հայաստանի Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։

ՇՎՏՄ–ից հայտնում են, որ «ՍԻԹԻ» վերահսկողության արդյունքում պարզվել է՝ ընկերության կողմից ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման, նաև՝ շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

  • արտադրանքի իրացման կասեցման
  • վաճառքից հետկանչման
  • և ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։