Այսօր Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, որը հետո հրաժարվել էր տեղեկություններ հաղորդել։
Իրավապահ մարմիններն այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացնում և մանրամասներ չեն հաղորդում։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն էլ տեղեկացնում է.
2019 թվականի հուլիսի 18-ին , անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



