Սիրիայում իրավիճակի սրման թեմայով դեկտեմբերի...

Սիրիայում իրավիճակի սրման թեմայով դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները վիճել են՝ միմյանց մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սիրիացի գրոհայինները գրավել են Հալեպն անցյալ շաբաթ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման նախաձեռնած հարձակման հետևանքով։ Խմբավորումը գտնվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ և մի քանի երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը կոչ է արել թուլացնել լարվածությունը Սիրիայում ընթացող մարտերում և պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ապստամբների հարձակումը գլխավորել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը:

«Այն փաստը, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, չի արդարացնում (Սիրիայի նախագահ) Ասադի վարչակարգի և նրա ռուս աջակիցների հետագա վայրագությունները», - ասել է Վուդը՝ մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին և Ռուսաստանին խաղաղ բնակչության շրջանում զոհեր պատճառելու մեջ՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումներ իրականացնելով։

Վուդին ուղղված ելույթում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է. «Դուք չկարողացաք քաջություն հավաքել՝ դատապարտելու հստակ ահաբեկչությունը, որը ձեռնարկվել է խաղաղ բնակիչների դեմ Սիրիայի խաղաղ քաղաքներում»:

«Չկան պատրանքներ, որ Վաշինգտոնը երբևէ պատրաստ կլինի անկեղծորեն պայքարել միջազգային ահաբեկչության դեմ։ Անկեղծ ասած, մենք գոհ ենք, որ հենց հիմա ձեզ հետ բարիկադների հակառակ կողմերում ենք գտնվում», - ասել է Նեբենզյան:

Վուդն արձագանքել է՝ մեղադրելով Նեբենզյային, որ նա «չի կարող մեզ դասախոսություն կարդալ այս հարցի շուրջ», քանի որ Մոսկվան «աջակցում է ռեժիմների, որոնք հովանավորում են ահաբեկչությունն ամբողջ աշխարհում»:

«Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ պայքարել է ահաբեկչության արհավիրքի դեմ և կշարունակի պայքարել դրա դեմ», - ասել է նա։