Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ են բողոքի ակցիաների դուրս եկել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, հայտնել է Սիրիայի SANA ազգային գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ երկուշաբթի Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեյր Զորի, Կամըշլիի, Կունեյտրայի (Գոլանի բարձունքներում) և այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Սիրիայի հարավի Դերաա քաղաքի կենտրոնում անցկացվող զանգվածային հանրահավաքի մասին:



