Սիրիան և Սաուդյան Արաբիան ավելի քան տասը տարի դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուց հետո մտադիր են վերսկսել իրենց դեսպանությունների աշխատանքը և վերականգնել երկրների միջև ավիահաղորդակցությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով կողմերի համատեղ հայտարարությունը։
Հայտարարությունն արվել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի արդյունքներով. նա թագավորություն էր այցելել իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հրավերով։ Ինչպես հաղորդում են սաուդյան լրատվամիջոցները, Միկդադին ընդունել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի փոխնախարար Վալիդ ալ Խուրայջին։
2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելում է Սաուդյան Արաբիա։ Թագավորությունը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թ.-ին: Դրան հաջորդել էր այն, որ Սիրիան դուրս էր մղվել Արաբական պետությունների լիգայից:
Բանակցություններում կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են «սիրիական ճգնաժամի համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու համար... ինչը կնպաստեր Սիրիայի վերադարձին արաբական երկրների միություն»։ Բանակցությունների թեման նաև դարձել է «աջակցությունը սիրիական պետությանն իր տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում՝ այնտեղ զինված աշխարհազորայինների ներկայությանը, ինչպես նաև Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտությանը վերջ դնելու համար»։ Նախարարները քննարկել են նաև Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումներին և սիրիացի փախստականների վերադարձին աջակցելու հարցերը։
Բացի այդ, կողմերը քննարկել են «անվտանգության մակարդակի բարձրացման և ահաբեկչությանը բոլոր առումներով դիմակայելու, ինչպես նաև մաքսանենգության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման կարևորությունը»։
Associated Press-ը հիշեցնում է, որ Էր Ռիադը պատրաստվում է մայիսին անցկացնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը, որտեղ, ինչպես ակնկալվում է, կբարձրացվի միջարաբական այս կազմակերպությանը Սիրիայի անդամակցության վերականգնման հարցը։