Շվեյցարիայի կառավարությունը 960․000 ֆրանկ կհա...

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մամուլի հաղորդագրությունը․

Նոյեմբերի 28-ին տեղի կունենա Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև պայմանագրի կնքման արարողություն՝ նվիրված Շվեյցարիայի կառավարության կողմից 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացմանը՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու համար։ Նոյեմբերի 23-ին Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։

Մասնավորապես, «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում - REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։

12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող REBCA ծրագիրը համատեղ մշակվել և իրականացվում է WFP-ի կողմից` Վորլդ Վիժն Հայաստան (WVA) կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի (CDF) և Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) ներգրավմամբ։

Ծրագրին կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՍՆ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿՏՆ) և ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները: