Այս պահին Հայաստանի մի քանի մարզերում ակտիվորեն ընթանում է ծիրանի բերքահավաքը: Politik.am-ը փորձել է պարզել՝ ինչ պատկեր ունենք այս տարի ծիրանի բերքի առումով: Ըստ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի՝ պատկերն այնքան էլ հուսադրող չէ՝ անցյալ տարվա համեմատ.
«Պետք է ուղղակի շուկա մտնել, տեսնել, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ծիրանի գները երկու անգամ թանկացել են, որովհետև քիչ է: Եթե անցյալ տարի խոսքը 50-55 տոննա արտահանվող ծիրան կա, աս տարի լավագույն դեպքում կարող ենք խոսել 30 հազար տոննա»,-մեզ հետ զրույցում նշում է Բերբերյանը՝ առանձնացնելով հիմնական պատճառները.«Իրավիճակն այնպիսին է, որ անձրևների հետևանքով խոնավությունը շատ էր, փոշոտումը լավ չի կատարվել: Իհարկե, տեղեր կան՝ ընդհանրապես չի վնասվել, այգիներ կան, որոնցում բերքը 100%-ով բերքը պահպանվել է: Բայց, օրինակ, Արարատում, որտեղ հենց երեկ ենք եղել, 7 հեկտար այգում անցյալ տարվա համեմատ 30% բերք կար: Նույն պատկերն Արմավիրում է»:
Մյուս պատճառն, ըստ Բերբերյանի, համապատասխան պետական մարմինների թերի աշխատանքն է.«Ինչ վերաբերում է բերքի որակին, սնկային հիվանդություններին, դրանց հետ կապված պետք է կառավարոթյունը աշխատանք տաներ: Երբ խոնավությունից հետո անմիջապես շոգ է անում, սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում: Մենք դրա համար դիմեցինք գյուղացիներին, որ սրսկումներ անեն, բայց Հանրային հեռուստաընկերութան աշխատակազմը մեր հայտարարությունից հետո հակապրոպագանդա իրականացրեց, թե բերքը շատ լավ է: Կարծում եմ՝ մեզ էր ուղղված, թեև միավորման անունը չտվեցին»:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ սայս տարի պակասել են նաև սոխի, կարտոֆիլի ցանքատարածությունները՝ 10-15 %-ով, կա խնձորի 20%-ի կորուստ, բայց, օրինակ, ելակի մեծ բերք է գրանցվել.«Խաղողի կորուստ էլ, կարծում եմ, կունենանք, ուղղակի դեռ խաղաքարտերը չենք բացում»:
Politik.am-ը զրուցեց նաև Վայոց ձոր մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակցի հետ, որտեղի շուրջ 5 վարչական բնակավայրերից միշտ ծիրանի արտահանում է իրականացվել: Նա ասաց, որ այս տարի ընդհանրապես բերք չկա, հետևաբար մթերող ընկերություններն այնտեղ չեն աշխատում, խառերն էլ դեկորի դեր են տանում:
Մթերող ընկերությունների քանակի հետ կապված Politik.am-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնեցին, որ այժմ կան մոտ 40 ընկերություններ, որոնք զբաղվում են պտուղ-բանջարեղենի մթերմամբ:



