
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում եղել են միջազգային գործընթացներում Հայաստանի արդյունավետ ներգրավվածությունը, երկրի դերը գլոբալ բնապահպանական օրակարգում, ինչպես նաև այն հստակ քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով։
COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է՝
▪️ ամրապնդելու իր դիրքն ու դերակատարությունը միջազգային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ,
▪️ խթանելու համագործակցությունն աշխարհի առաջատար գործընկերների հետ՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։
Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և միջազգային հարթակում երկիրը որպես պատասխանատու և առաջադեմ գործընկեր ներկայացնելու հարցում։