Իրանական մամուլի հրապարակումների համաձայն, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմին ժամանել է Իրան իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցով, այն բանից հետո, երբ անցել է որպես Իրաքի վարչապետ իր լիազորությունների կատարմանը։ Հիշեցնենք, որ Մուստաֆա ալ-Քադիմին երկու ամիս առաջ է ստանձնել Իրաքի վարչապետի պաշտոնը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցը որակել է որպես Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերություններում «շրջադարձային պահ» եւ խոստացել շարունակել օգնել արաբական այս երկրին։ Ի պատասխան, ալ-Քադիւմին հայտարարել է, որ «Իրաքը երբեք թույլ չի տա, որ իր տարածքից սպառնալիքներ լինեն Իրանի հանդեպ»։
Մասնագետները կարծում են, որ Իրանը Իրաքը դիտարկում է որպես երթուղի՝ ԱՄՆ սանկցիաները շրջանցելու համար, որոնք սահմանվել են Իրանի հանդեպ այն բանից հետո, երբ Ամերիկան միակողմանի կերպով դուրս եկավ 2015 թվականին կքնված Միջուկային գործարքի համաձայնագրից եւ սահմանեց սանկցիաներ ընդդեմ Թեհրանի։ Իրաքի վարչապետը հայտարարել է, որ Իրաքի արտաքին քաղաքականությունը հիմնված է լինելու հավասարակշռվածության վրա եւ նշել, որ իր երկիրը ձգտելու է բարելավել հարաբերությունները Իրանի հետ՝ «միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա» հիմնվելով։ Նշենք, որ ԻՌՆԱ-ի փոխանցման համաձայն, անցյալ տարի Իրանից Իրաք արտահանումը կազմել է մոտ 9 միլիարդ դոլար եւ երկու երկրները քննարկում են, որպեսզի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասցվի մինչեւ 20 միլիարդ դոլարի։