«Շոկոլադնիցա» - Երևանի քաղաքապետարան դատական...

Դեռևս ամսներ առաջ «Շոկոլադնիցա»  սրճարանն ապամոնտաժելու իրավական հիմքերն ապահովելու համար քաղաքապետարանը դիմել էր դատարան։

Սրճարանը շահագործող  «Մագնոլիա» ՍՊԸ–ն տարածքը վարձակալել է մինչև 2026 թվականը և համայնքի սեփականություն հանդիսացող հողի վրա ունի սեփական շինություն։ Նման օրենսդրական կարգավորումը գործել է մինչև 2005 թվականը, և տնտեսվարողը սեփականացրել է վարձակալած հողի վրա կառուցած շինությունը։ Երևան համայնքն այժմ դատարանից պահանջում  էր լուծված համարել պայմանագիրը, որպես հետևանք՝ վերացնել ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերադարձնել հողամասը:

Թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել դատարան դիմելուց հետո, Politik.am-ը մեկնաբանություն ստացավ ՍՊԸ–ի  տնօրեն Արսեն Մանուկյանից, ով հայտեց, որ արդեն 2 դատական նիստ է տեղի ունեցել, առաջինին քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացել են, երկրոդին՝ ոչ:

«Ուշագրավ է, որ հայցով իրենք են դիմել և  չեն ներկայանում: Կարելի է ասել, որ առաջին նիստի բացվելն ու փակվելը մեկ եղավ, քանի որ հայցի ներկայացման ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը պատճառաբանեց, որ ինքը գործով պատրաստված չէ, իրեն նոր են հանձնել այն և այս պահին գործը չի կարող ներկայացնել: Մեր իրավաբանի կողմից հարցադրումներ եղան, որոնց պատասխանները ակնկալվում էինք ստանալ հաջորդ նիստին, որին նրանք չներկայացան: Եթե չեմ սխալվում հաջորդ նիստ հոկտեմբերի 9-ին է: »,- ասաց Արսեն Մանուկյանը:

Թե ինչ ակնկալիք ունի վերջնական որոշումից  նա նշեց՝  այնպիսի բաներ են կատարվում, որ չեմ իմանում՝  ինչ սպասել դատարաններից: 

Դիտարկմանը, որ սրճարանը ամիսներ առաջ չապամոնտաժվեց, քնաի որ դրա իրավական հիմքերը չկային, ՍՊԸ–ի  տնօրենը նկատեց.

«Հղում են անում, թե հողի նպատակային նշանակության փոփոխության պայմանից ելնելով՝  հողը հետ են ուզում, հիմա մեզ էլ հետաքրքիր է՝  այդ հողի նպատակային նշանակությունը ե՞րբ է փոխվել, ո՞վ է փոխել և ի՞նչ է  դարձել: Եթե այդ երեք հարցերին  պատասխանեն, միգուցե՞ իրոք այդպես է»,- ասաց նա: