ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարն...

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համատեղ կոմյունիկե են ստորագրել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:

«Նիստի արդյունքներով ընդունվել Է համատեղ կոմյունիկե, որն արտացոլում Է համախմբված մոտեցումներն անվտանգության ոլորտի ընդհանուր խնդիրների լուծման նկատմամբ», - ասել Է Շոյգուն:

Նա հստակեցրել է, որ հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել միջազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանման, ինչպես նաև ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցերի շուրջ: Նիստի ընթացքում տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն, ով մասնակիցներին Է փոխանցել իր կարծիքը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար Մոսկվա են ժամանել ինը երկրների պատվիրակություններ:

ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Շոյգուն նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում:

Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։