Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պիտի փոխվի, և սա որևէ կերպ չի կասկածի տակ դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը, իսկ ցանկացած պատերից ներս բռնությունն ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին, որովհետև այդ պատերի ներսի բռնությանը չարձագանքելու դեպքում այլ դրսևորումներ է ունենում: Այս առումով կարծում եմ, որ այս համակարգերը պետք է շարունակաբար զարգացնենք:
Մենք խոսում ենք հանցավոր երևույթի այսբերգի երևացող կողմի մասին, և մենք անընդհատ գնում ենք այդ այսբերգի գագաթի հետ ուզում ենք կռիվ տանք: Հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են հենց այս ընտանեկան կենցաղային բռնության պայմաններում, երբ որ բռնությունը դառնում է կուլտուրա տան մեջ, արդյունքում այն տնից դուրս է գալիս բակ, բակից թաղ, թաղից դպրոց, դպրոցից հանրություն և այդպես շարունակ։ Հետևաբար, ես հիշում եմ ինչ քննարկումներ կային, երբ որ օրենքները ընդունվում էին այս օրենքները, մեզ թվում էր, թե մենք ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք, բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, այստեղ կասկած լինել չի կարող: Եթե ընտանիքի ներսում ներդաշնակություն հնարավոր չի լինում հաստատել այն տրամաբանությամբ, որ դրա ձայնը դուրս է գալիս, լսելի է դառնում պետությանը, ուրեմն պետությունը պետք է արձագանքի, պետությունը չի կարող որևէ ձայն չնկատելու տալ, որովհետև ինչքան չլսելու տվեց այդ ձայն, այդ ձայնը ավելի բարձրանալու է և վերջում դառնալու է այնպիսի մի պրոբլեմ, որն աղետալի հետևանքներ է բերելու»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, հանրությունը պետք է հասկանա, որ այս ներդրվող մեխանիզմներն ունենալու են կանխարգելիչ նշանակություն:
«Մարդիկ չպետք է ասեն դե իմ երեխան է, կարողամ երկու հատ էլ կապտակեմ, պետք է հարաբերությունների որոշակի ձև լինի, և մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի։ Կա պետություն, որը անհրաժեշտ պահին միջամտելու է և գործելու է,- ասաց Փաշինյանը:
Խոսելով ընտանեկան բռնության դեպքերում հանրության վերաբերմունքի մասին՝ Փաշինյանը ընդգծեց.
«Օրինակ, այս շենքում երեխայի ձայն է պարբերաբար լսվում երեկոյան ժամերին։ Հասարակության կողմից արձագանքներ չեն լինում, որովհետև մտածում են, ասում են, դե իր երեխան է, ինչ ուզում է, անում է, ուզում է ծեծում է, կամ իր կինն է, ինչ ուզում է, անում է: Օրինակ, եթե մեզնից որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, դա ընդամենն արձանագրում է, որ մենք նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել և հետևաբար երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չի, ինչպես ասում են, պետք է սեփական գլուխը պատերով տալ և ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը հաստատ ոչ մի լավ բանի չի բերելու»: