Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աննախադեպ է հողերի հանձնման գործում , աննախադեպ է քաղբանտարկյալների հարցում։ Այս մասին հայտարարեց Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին։
«Քաղբանտարկյալների գործը արտադրական մասշտաբերի է հասել: Դատարանները հաճախ չեն էլ հասցնում այն գործերի հետևից, որ այս իշխանությունները տանում են: Այս ֆոնին, երբ ժողովուրդը, ընդդիմադիրները խոսում են քաղաքական բանտարկյալների մասին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քարոզչական մի թեզ է բերել և ես որպես լրագրող նաև հենց այդ թեզի մասին կուզեմ խոսել, որ ում հետևից մենք գնացինք, ում քրեական գործերը բացեցինք, դուք հայտարարեցիք, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են: Մի բան ակնհայտ է այստեղ դրված լուսանկարներում մարդկանց առնչվող գործերը հիմնականում մատից ծծված են, այս դեպքում Նիկոլ Փաշինյանի մատից են ծծված։ Եկեք վերցնենք օրինակ, որ հանցագործությունը կարող է գործված լինել, բայց դրա վերաբերյալ գործը ևս կարող է լինել քաղաքական հետապնդում։ Ես, իհարկե, չեմ համարում որ Դավիթ Համբարձումյանը այն հանցագործությունը, որ իրեն վերագրվում է, արել է, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Դավիթ Համբարձումյանը 2018 թվականին խոչընդոտել է ցուցարարներին գալ միանալ Նիկոլ Փաշինյանի ցույցերին: Փաստեր չկան, տեսանյութ չկա, որտեղ մենք կարող ենք արձանագրել, որ Դավիթ Համբարձումյանը այդ գործողությունը արել է: Փոխարենը կա տեսանյութ, որտեղ ցուցարարների նկատմամբ բռնություն է գործադրում Սամվել Ալեքսանյանը, և Սամվել Ալեքսանյանը հիմա ազատության մեջ է: Ավելին, Սամվել Ալեքսանյանը այս իշխանության սիրելի օլիգարխներից մեկն է, ինչպես նախորդ իշխանության սիրելի օլիգարխն էր։ Ինչո՞ւ են Դավիթ Համբարձումյանին տարել բանտարկության, իսկ Սամվել Ալեքսանյանը ազատության մեջ է: Մի պարզ պատճառով, ի տարբերություն Դավիթ Համբարձումյանի, Սամվել Ալեքսանյանը Տիգրան Ավինյանի գլխին զոնտիկ է պահել»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։



