Շարունակվում են հակահրդեհային միջոցառումներին...

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Օգոստոսի 12-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում իրազեկման գործընթացում ներգրավվել է 2882 փրկարարական ծառայող։

Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները մայրաքաղաքի և մարզերի 6275 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում:

Մարդաշատ վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ փակցվել է 10384 պաստառ և տարածվել՝ 4026 թռուցիկ: 

Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով նախանշված վայրերում 322 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց տեխնիկայի ներգրավմամբ։

Փրկարարական ծառայողների և էկոպարեկների համատեղ ուժերով անտառածածկ և բուսածածկ տարածքներում իրականացվել է հրդեհային իրավիճակի մշտադիտարկում: 

Փրկարար ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակի կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումներին, հետևաբար հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին։