Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարությունում նախագիծ է շրջանառում, որը ենթադրում է ԱԱՀ-ի մասով մոտեցման փոփոխություն, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Նախորդիվ մեր մոտեցումը հետևյալն էր՝ մարդիկ ԱՀՀ չէին վճարում, բայց Արժույթի միջազգային հիմնադրամի և մեր հանդիպումներում գործընկերներն այդ մոտեցման մեջ խնդիր են տեսնում և համարում են, որ պետք է այնուամենայնիվ հարկերը վճարվեն:
Հիմա մի մեխանիզմ ենք մշակել, որ մինչև ինչ-որ սահմանաչափ, բոլոր մեքենաների համար վճարված ԱԱՀ-ն հետ ենք վերադարձնելու, և դա ցածր սահմանաչափ չէ: Այսօրվա դրությամբ ներմուծվող մեքենաների 90%-ն այդ սահմանաչափից ներքև են, այն 10%-ն էլ այդ սահմանաչափի չափով կազատվեն, շքեղ մեքենաների մասին է: Կներեք, եթե մարդը 120,000 դոլարանոց մեքենա է գնում, այդ ավելացված արժեքի հարկն իմ կարծիքով նորմալ է և պետք է, որ վճարվի։
Ինչ վերաբերում է ավտոմոբիլների մաքսատուրքերի ազատման արտոնությանը, այստեղ գիտեք, որ սա ամբողջությամբ գտնվում է ԵԱՏՄ կոլեգիայի դաշտում: Այս պահի դրությամբ, ինչպես շատ հարցերի շուրջ, նաև սրա շուրջ տարբեր կարծիք կա՝ պե՞տք է, օրինակ, ունենանք մաքսատուրքի արտոնություն, թե՞ ոչ: Բանակցությունները շարունակվում են: Ես կարող եմ ասել, որ անցած տարի այս պահին ևս չկար կոնսենսուս, բայց մենք դեկտեմբերի վերջին ունեցանք դա: Այս պահի դրությամբ, պետք է անկեղծ լինեմ, էլի չկա կոնսենսուս, բայց բանակցությունները շարունակվում են մաքսատուրքի մասով, և՛ կարող է լինել, և՛ կարող է չլինել, որովհետև սա քաղաքականության և քննարկումների հարց է»,-նշել է նա:
Գևորգ Պապոյանին արձագանքել է Տրդատ Սարգսյանը:
«Նկատում եմ՝ համացանցում որոշ աժիոտաժ կա, որը հիմնականում ստեղծել են ավտոներկրող անձիք կամ կազմակերպություններ, ովքեր իրենց գովազդում հստակ նշում են՝ վերջ, երեկ Կառավարությունում նախագիծը չանցավ և ավելացված արժեքի հարկ էլ չի գործելու, վերջին ամիսն է, հասցրեք գնել էլեկտրական մեքենաներ՝ էժան գներով»-նշել է Սարգսյանը՝ ընդգծելով՝ հարցը բարձրացնում է, որպեսզի հանրությունն իմանա՝ նման խնդիր չկա
«Անկեղծ չեմ տեսել, բայց այն, ինչ նկարագրեցիք, նվազագույնը սպառողներին մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցության մասին է: Դրա համար Հայաստանում պատշաճ և կոնկրետ մեխանիզմներ կան՝ տուգանքի և այլն: Առաջինը՝ Կառավարության այդպիսի նիստ չի եղել, որ ինչ-որ որոշում էլ այդ մասով չընդունվի, երկրորդը՝ ենթադրում եմ՝ շատ կոնկրետ ոչ բարեխիղճ մրցակցության մասին այդտեղ հարց կա, դրա միջոցով փորձ է կատարվում ինչ-որ առավելություն ստանալ մյուսների նկատմամբ և այլն։
Ամեն դեպքում ես կխնդրեմ, եթե այդ հոլովակը կա, ինձ փոխանցեք, ես այն կփոխանցեմ պատկան մարմիններին, որպեսզի պատշաճ իրավական փորձաքննություն անցկացվի: Հատկապես ինձ մտահոգում է սպառողներին մոլորեցնելու հարցը, որ այսինքն՝ վերջ, էլ չի լինելու, եկեք առեք: Դա ենթադրում է, որ մարդը պետք է մոտիվացվի, գնա հիմա ինչ-որ բան անի, որովհետև ապագայում դրանից չի լինելու»-ասել է Գևորգ Պապոյանը:



