Եմենում օգոստոսից ի վեր շուրջ 310 հազար մարդ...

Օգոստոսի սկզբից ի վեր Եմենում ռազմական գործողությունների պատճառով շուրջ 310 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակության վայրը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

ՄԱԿ-ից հայտնել են, որ տեղահանված անձանց կացարանով ապահովելը շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը։ Շուրջ 37 հազար ընտանիք սպասում է ապաստանի տրամադրման հարցում օգնության, իսկ 32 հազարը կենցաղային իրերի կարիք ունի։ Օգոստոսից ի վեր բացվել կամ վերսկսել է գործել ժամանակավոր տեղավորման 28 կենտրոն, որտեղ ապաստան է գտել ավելի քան 20 հազար մարդ։

ՄԱԿ-ի վարչությունից հայտնել են, որ Եմենի Թայիզ քաղաքում առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվում են, դրանց գները «հնգապատկվել են»։ Աղբահանությունը դադարեցվել է, քաղաքում կուտակվում են աղբի հսկայական կույտեր, ինչը մեծացնում է հիվանդությունների տարածման վտանգը։

ՄԱԿ-ը հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել տուժածներին մարդասիրական օգնության անվտանգ, անխափան և անխոչընդոտ հասանելիությունը։