Սևանը կրկին «ծաղկել է». պատճառներ ու հետևանքն...

Սևանա լիճը կրկին «ծաղկում է»: Այս մասին տեղեկություններ ու լուսանկարներ են շրջանառվում համացանցում: Politik.am-ը հնարավոր պատճառների ու հետևանքների մասին զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ:

Վերջինիս խոսքով՝ այս՝ արդեն մի քանի տարի տևող գործընթացի գլխավոր պատճառը Սևանից ջրբացթողումն է, իսկ դրան էլ ավելանում են լուրջ ու ինտենսիվ կլիմայական փոփոխությունները.«Երբ ջուր է բաց թողնվում, մակարդակն իջնում է, ջրի ջերմաստիճանը բարձրանում է, և սկսվում է «ծաղկման» պրոցես: Եթե ուզում ենք, որ խնդրին լուծում տրվի, առաջին բանը, որ պետք է անենք, առաջիկա առնվազն 5 տարում Սևանից ջրի բացթողումը դադարեցնելն է՝ ոչ մի կաթիլ ջուր»: 

Ըստ բնապահպանի՝ հաջորդ քայլերը պետք է հետևյալները լինեն.«Շատ լավ մաքրել Սևանի հատակը, թույլ տալ, որ ջրի մակարդակը բարձրանա, ավելացնել ձկան պաշարները՝ ոչ արհեստական մեթոդներով, որովհետև այս պահին կատարվող արհեստական աճեցման արդյունքում ձկներին տրվում է նաև արհեստական կեր, որն իր մեջ ջրիմուռների մասնիկներ է պարունակում: Ձկները, բնականաբար, ողջ կերը հավաքել չեն կարող, և մնացորդները միայն նպաստում են «ծաղկման» պրոցեսին»: Ադամյանի խոսքով՝ սրանք առաջնահերթ են, «իսկ մնացածն, ինչ-որ հայտարարում են, ամբողջովին պոպուլիզմ է»:

Բնապահպանն ահազանգում է՝ սա կարող է բերել ջրի որակի և կենսաբազմազանության կորստի.«Սևանում այլևս չի լինի մաքուր ջրի պաշար, արդեն իսկ գիտնականներն են ասում, որ Սևանը կորցրել է ջրի որակը, իսկ այս ընթացք կարող է լճի վերջնական «մահվան» բերել»:

Ըստ Սիլվա Ադամյանի՝ այս պահին էլ էական աշխատանքներ չեն տարվում, շարունակվում է տարիների պրակտիկան.««Սևանի հանձնաժողով» կա, որը պրակտիկորեն տարիներ շարունակ անգործության է մատնված, կառավարությունն ինչ ասել է, իրենք տակը ստորագրել են»:

Սևանի լուսանկարը՝ Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: Արված է երեկ՝ հունիսի 26-ին: